rus eng arm

Հայաստան

Հայաստանը (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն) պետություն է Եվրոպայի և Ասիայի սահմանագլխին` Հարավային Կովկասում։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Արցախի Հանրապետությանը և Ադրբեջանին, հարավից՝ Իրանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, իսկ արևմուտքից՝ Թուրքիային:

Հայաստանը հնագույն պատմություն և հարուստ մշակութային ժառանգություն ունեցող երկիր է։ Մեծ Հայքի թագավորություն 301 թ. առաջինն է ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն։

Հայաստանի այժմյան տարածքի մեծ մասը գտնվում է 1000 մինչև 2500 մետր բարձրության վրա` Փամբակի , Գեղամա, Վարդենսիսի, Զանգեզուրի լեռնագոյացությունների վրա: Երկրի հարավարևմտյան հատվածը զբաղեցնում է Արարատյան դաշտավայրը, որտեղ էլ տեղակայված են երկրի հիմնական, մեծ բնակչություն ունեցող բնակավայրերը:

Երկրի տարածքը մոտ 29,8 հազար քառ. կմ է: Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանն է, որն ունի ավելի քան 2800 տարվա պատմություն:

Հայաստանի Հանրապետությունը ազատ, դեմոկրատական հանրապետություն է:
Գերագույն օրենսդրիր մարմինը Ազգային ժողովն է(խորհրդարան), որն ընտրվում է 4 տարի ժամկետով: Գերագույն գործադիր մարմինը կառավարությունն է:

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզերի և մարզի կարգավիճակ ունեցող մայրաքաղաք Երևանի: Հայաստանի Հանրապետության մարզերն են` Արագածոտն, Արարատ, Արմավիր, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Կոտայք, Լոռի, Սյունիք, Տավուշ, Շիրակ: